Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com

Անմիզապահության խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար ուրոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ:

Անմիզապահությունը հիվանդությո՞ւն է, թե՞ ախտանիշ:

Անմիզապահությունը հիվանդություն է, որը բնորոշվում է մեզի ակամա արտահոսքով: Անմիզապահությունը կյանքին սպառնացող խնդիր չէ, այն կարող է իջեցնել կյանքի որակը:

Որո՞նք են անմիզապահության տեսակները:

Տարբերակում ենք անմիզապահության 3 հիմնական տեսակներ: Առաջինը կոչվում է սթրեսային, երկրորդը՝ ուրգենտ, իմպերատիվ կամ հրամայողական, երրորդը` խառը տեսակն է, երբ երկու բաղադրիչներն էլ առկա են: Կան այլ տեսակներ ևս՝ պարադոքսալ իշուրիա, շարունակական, սիտուացիոն:

Ի՞նչ է սթրեսային անմիզապահությունը:

Սթրեսային անմիզապահությունը սթրեսի, վախենալու հետ որևէ ընդհանուր կապ չունի: Այն բնորոշում է անմիզապահության բոլոր այն տեսակները, որոնք առաջանում են ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով՝ հազալիս, փռշտալիս, ծանրություն բարձրացնելիս, պառկած դիրքից նստած դիրք ընդունելիս, ծիծաղելիս, երեխային գրկելիս, քայլելիս և այլն: Այս դեպքում խնդիրը կապված է փականային համակարգի ոչ ադեկվատ աշխատանքի հետ:

Ուրգենտ անմիզապահություն

Ուրգենտ, իմպերատիվ կամ հրամայողական անմիզապահությունը կապված չէ փականային համակարգի թուլության հետ, այլ կապված է միզապարկի գերակտիվության հետ: Այս դեպքում միզապարկը, հաճախ անհայտ պատճառներով, ինքնուրույն կծկվում է և առաջանում է մեզի ակամա արտահոսք:

Ինչպե՞ս է դրսևորվում խառը անմիզապահությունը:

Այս դեպքում կա ինչպես փականային համակարգի, այնպես էլ միզապարկի կծկողականության հետ կապված խնդիր` առկա է միզապարկի գերակտիվություն: Պացիենտը նշում է, որ հանգիստ նստած ժամանակ, կամ ինչ-որ գործողություն անելիս հանկարծակի առաջանում է միզելու անզուսպ ցանկություն, որին հաջորդում է մեզի ակամա արտահոսի առաջացումը: Պացիենտները հաճախ նշում են, որ մեզի ակամա արտահոսք առաջանում է նաև թափվող ջրի ձայն լսելիս: Խառն անմիզապահության դեպքում պացիենտն ունենում է անմիզապահության երկու ձևերին բնորոշ գանգատներ:

Անմիզապահության այլ տեսակներ

Պարադոքսալ անմիզապահությունը կամ պարադոքսալ իշուրիան առավել բնորոշ է տղամարդկանց: Այս դեպքում կա գերլցված միզապարկ, բայց նաև առկա է մեզի արտահոսքին խանգարող գործոն, որի պատճառը հաճախ կարող է լինել շագանակագեղձի գերաճը:

Թվում է, եթե կա մեզի հոսքին խանգարող գործոն, մեզը չպետք է թափվի: Այս պարագայում, մեզը երիկամներից հավաքվելով միզապարկում, առաջացնում է ճնշում գերլցված միզապարկում, և այդ ճնշման տակ մեզը կաթիլներով արտահոսում է:

Սիտուացիոն անմիզապահությունն առավել բնորոշ է երեխաներին, երբ, օրինակ, դասի ժամանակ ամաչում են ուսուցչից դուրս գալու թույլտվություն խնդրել:

Շարունակական տեսակն առաջանում է խուղակների առկայության դեպքում, երբ կա երկու խոռոչավոր օրգանների միջև ախտաբանական կապ, օրինակ, միզապարկի և հեշտոցի միջև: Այս դեպքում մեզը արտահոսում է հեշտոցից:

Անմիզապահությունը կանանց և տղամարդկանց մոտ

Անմիզապահությունն ավելի բնորոշ է կանանց, քանի որ փականային համակարգը ավելի թույլ է զարգացած: Ռիսկի գործոններից են հղիությունը, ծննդաբերությունը, հորմոնալ խանգարումները, բոլոր այն իրավիճակները, որոնք բերում են ներորովայնային ճնշման բարձրացման, օրինակ, քրոնիկ փորկապություն, քրոնիկ հազով ընթացող շնչառական խնդիրներ, ծանր աշխատանքը և այլն:

Տղամարդկանց մոտ անմիզապահության հաճախ հանդիպող պատճառ է շագանակագեղձի հեռացումը:  Այս դեպքում առաջանում է սթրեսային տեսակը՝ հազալիս, փռշտալիս, քայլելիս: Տղամարդկանց մոտ ուրգենտային տեսակն առավել հաճախ է հանդիպում:

Անմիզապահության առանձնահատկությունները ծերերի մոտ

Տարիքի հետ փականային համակարգի խնդիրներն ավելի են արտահայտվում և մեծ տարիքին ավելի բնորոշ է անմիզապահությունը:

Ծերերի մոտ նպաստող գործոններն ավելի շատ են՝ մկանային, կապանային համակարգի թուլություն, հորմոնալ խանգարումներ և այլն: Այնուամենայինիվ չկա տարիք, որում անմիզապահության առկայությունը նորմալ է: Քանի որ անմիզապահությունը կյանքին սպառնացող վիճակ չէ, ցավոք, հաճախ բժշկի չեն դիմում:

Գիշերային անմիզապահություն, պատճառները

Գիշերային անմիզապահությունը կոչվում է էնուրեզ: Պատճառը հստակ հայտնի չէ: Սովորաբար, դա լինում է երեխաների մոտ: Այն նորմալ է համարվում մինչև 5 տարեկանը, որից հետո պետք է դիտարկել որպես խնդիր և դիմել մասնագետի:

Պատճառները տարբեր են: Պատճառ կարող է լինել խորը քունը, երբ լցված միզապարկից գրգիռները հասնում են գլխուղեղի համապատասխան կենտրոններ, սակայն չեն ընկալվում և օրգանիզմը հարցին իր լուծումն է տալիս:

Ենթադրվող պատճառներից է ցերեկային և գիշերային ժամերին միզագոյացման ծավալային հարաբերակցության խախտումը, ինչը նորմայում 70:30 տոկոս է: Պատճառներից է նաև քնած ժամանակ միզապարկի գերակտիվությունը՝ նյարդային և այլ պատճառներով:

Անմիզապահության ախտորոշման մեթոդները

Հետազոտությունը սկսվում է անամնեզից` ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ ընթացքով և այլն: Իրականացվում է գործիքային քննություն` ուրոֆլոումետրիա, որի ժամանակ պացիենտը միզում է սարքի մեջ, գնահատվում են միզարձակության միշարք ցուցանիշներ` մաքսիմալ արագություն, ժամանակահատված, իսկ վերջում` մնացորդային մեզի ծավալ:

Ուտրաձայնային հետազոտությամբ պարզում են առկա ախտաբանական փոփոխությունները:

Որո՞նք են բժշկին դիմելու ցուցումները:

Անմիզապահության առաջին իսկ նշանների դեպքում նախընտրելի է դիմել բժշկի`բարդություններից խուսափելու և առավել լավ արդյունք ստանալու համար:

Անմիզապահության բուժման մեթոդները

Անմիզապահության բուժման եղանակներն են՝ վարքագծային թերապիան, դեղորայքային և վիրաբուժական եղանակները:
Հարցի լուծումը, թեթև ստադիաներում հաճախ տրվում է վարքագծային թերապիայով (կոնքի մկաններն ամրացնող վարժություններ, միզապարկի վարժանք, հեղուկի ընդունման ռեժիմի կարգավորում), ինչպես նաև դեղորայքային բուժմամբ:

Կան ֆիզիոթերապևտիկ միջոցներ ևս, որոնք ուղղված են սթրեսայինի դեպքում կոնքի մկանների ամրացմանը, իսկ ուրգենտայինի ժամանակ՝ միզապարկի ակտիվությունը թուլացնելուն:

Վիրահատական միջամտությունները բազմազան են և ունեն իրենց բնորոշ նրբությունները: Առաջին կարևոր պայմաններից է ճիշտ ցուցումով վիրահատելը:

Կանխարգելումը

Կանխարգելուման համար պետք է հնարավորինս զերծ մնալ վերոնշյալ ռիսկի գործոններից:

Հիգիենայի կազմակերպումը

Անմիզապահության ժամանակ մեզի ակամա արտահոսքը մանրէների համար նպաստավոր միջավայր է ստեղծում` առաջացնելով բորբոքային տարբեր խնդիրներ: Հիգիենային հետևելու լավագույն միջոցը անմիզապահության բուժումն է:

Խորհուրդներ պացիենտներին

Պացիենտները հաճախ կարծում են, որ անմիզապահությունը կանանց մոտ նորմալ երևույթ է, քանի որ շատերի մոտ է այն հանդիպում: Անմիզապահությունը նորմալ չէ, և վերջինիս առկայության դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ